ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Պարաշյուտիզմը Հայաստանում

Նորաստեղծ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքում` Եևանում ստեղծվեց աէրոակումբ` 1934թ.-ին: Աէրոակումբի ստեղծումը նպաստեց այն բանին, որ քաղաք Մոսկվա պարաշյուտիստ-հրահանգիչների դասընթացներին գործուղվեց Ա. Խաչատրյանը:
Ա. Խաչատրյանի վերադարձից հետո կազմակերպվեցին առաջին պարաշյուտային թռիչքները աէրոակումբի օդաչուական անձնակազմի համար:
Շատ շուտով կազմակերպվեց ցուցադրական պարաշյուտային թռիչքներ ջրէջքով Սևանա լճի վրա: Երիտասարդությանը ոգևորելու նպատակով ք. Երևանում և ք. Կիրովականում ստեղծվեցին պարաշյուտային աշտարակներ, կատարվեցին թռիչքներ, որոնք շատ ոգևորությամբ ընդունվեցին երիտասարդության կողմից:
Հայկական պարաշյուտիզմը, իր երիտասարդ կադրերով առաջին քայլերն էր կատարում դեպի վարպետություն, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: Պատերազմի ժամանակ աէրոակումբի սաները իրենց մասնակցությունը ունեցան Հայրենիքի ազատագրման գործում:
Պատերազմի ավարտից հետո, տնտեսական բավականի ծանր պայմաններում, երբ անհրաժեշտ էր ոտքի կանգնեցնել ավիացիան, 1948թ-ին ք. Երևանում ստեղծվեց աէրոտեխնիկական ակումբ, որտեղ պատրաստում էին պարաշյուտիստ-հարդարիչներ:
Գիտելիքների և ձեռք բերած հմտության փոխանցման նպատակով, 1951թ.-ին ք. Մոսկվայից Երևան է ժամանում հրահանգչական անձնակազմը Լի-2 ինքնաթիռով, որոնք կատարում են Հայաստանի աէրոակումբի պարաշյուտիստների նետում:

1956թ. աէրոակումբը պարաշյուտային թռիչքներ կատարելու նպատակով ստանում է աէրոստատ, որն էլ նպաստում է պարաշյուտիստ-մարզիկների պատրաստմանը: Այդ ժամանակ պարաշյուտային օղակի հրմանատր է նշանակվում Ա. Ուստաբաշյանը: Պարաշյուտային թռիչքները կատարվում էին Արզնի օդանավակայանում: Գնալով զարգանում էր պարաշյուտային թռիչքների քանակը և որակը, որն էլ նպաստեց այն բանին, որ 1960թ.-ին հայ մարզիկները մասնակցեցին Անդրկովկասյան առաջնությանը:
1961թ. ԽՍՀՄ-ի ժողովրդների II Սպարտակիադիային և ԽՍՀՄ առաջնությանը Հայաստանի մարզիկներին պատրաստելու նպատակով ք. Մոսկվայից Երևան է գործուղվում մարզիչ Ա. Դունաեվը և Ան-2 ինքնաթիռը, իր անձնակազմով: Ա. Դունաեվը 20 օրվա ընթացքում կարողանում է պատրաստել հայ տղաների թիմ, որը մասնակցում է մրցումներին:
Թիմի կազմում էին` պարաշյուտային օղակի հրամանատար Ա. ՈՒստաբաշյանը, հրահանգիչ Գ. Աստրաուխովը և մարզիկ Վ. Մալխասյանը, որոնք մեկ ամիս ք. Մինսկում վերապատրաստվելուց հետո մասնակցում են մրցումներին:
1965թ. ԽՍՀՄ-ի ժողովրդների III Սպարտակիադիային և ԽՍՀՄ առաջնությանը Հայաստանից մասնակցում էին ոչ միայն տղամարդկանց այլ նաև կանանց թիմերը, որոնց պատրաստելու համար Մոսկվայից Երևան էր գործուղվել Ե. Դրազդովը:
Առաջնությունը անց էր կացվում ք. Կիևում: Հայաստանի հավաքականի տղամարդկանց թիմի անդամներից էին` Ե. Դրոզդովը (թիմի ավագ), Վ. Կարապետյանը, Ռ. Կալինկինը, Ռ. Գասպարյանը և Վ. Մալխասյան, կանանց թիմի անդամներից` Մ. Թումանյանը, Վ. Սմոլյակովան, Զ. Ահարոնյանը և Լ. Կրասնոշյոկովան:

1965թ. Երևանյան աէրոակումբը վերջապես ունեցավ Ան-2 և Յակ-12 ինքնանթիռներ: Այսպիսով պարաշյուտային օղակը, որը ղեկավարում էր Ա. Ուստաբաշյանը ստացավ հնարավորություն պատրաստելու բարձր կարգերի պարաշյուտիստներ և մրցումներին ավելի արդյունավետ պատրաստվելու հնարավորություն:
1965թ. -1991թ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի պարաշյուտային սպորտի տղամարդկանց և կանանց հավաքական թիմը մասնակցություն ունեցավ` ԽՍՀՄ-ի ժողովրդների բոլոր Սպարտակիադաներին, ԽՍՀՄ-ի առաջնություններին, ԴՈՍԱԱՖ-ի առաջնություններին, ՙՍպիտակ ոսկի՚ գավաթի, Անդրկովկասյան և Միջազգային մրցումներին: Այդ ժամանակահատվածում Երևանյան աէրոակումբում պատրաստվեցին` 23 սպորտի վարպետներ, 1200 կարգային մարզիկ-պարաշյուտիստներ և 10000 սկսնակ պարաշյուտիստներ:
Պարաշյուտային օղակը տարբեր ժամանակահատվածներում ղեկավարում էին` Ա. Ուստաբաշյանը, Զ. Ահարոնյանը, Վ. Մալխասյանը, Հ. Ուստաբաշյանը և Ա. Կարապետյանը:
Հայաստանում պարաշյուտիզմի զարգացման գործընթացում մեծ դեր ունեցավ Երևանյան աէրոակումբը, իր պարաշյուտային օղակի պարաշյուտիստ-հրահանգիչներով` Ա. Զաքարյան, Վ. Նարտիկով, Ա. Ազբուկին, Գ. Օստրոուխով, Վ. Կարապետյան, Ֆ. Մուրադյան, Թ. Իլիկչյան, Ա. Հայրապետյան և պարաշյուտիստ-օդաչու-հրահանգիչներով` Ն. Խալատյան, Զ. Ահարոնյան, Դ. Բալայան:
1988 -1993թթ. ստեղծվեց նոր երիտասարդ հայկական թիմ, որը կարողացավ հանդես գալ ԽՍՀՄ-ի ժողովրդների Սպարտակիադաներին, ԽՍՀՄ-ի առաջնություններին, Անդրկովկասյան և Միջազգային մրցումներին և ունեցավ բարձր ցուցանիշներ:
Թիմի անդամներն էին` տղամարդկանց թիմ - Ա. Կարապետյան, Հ. Սարգսյան, Լ. Երիբեկյան, Լ. Գևորգյան, Պ. Պապով, Ա. Պառիվաեվ, կանաց թիմ – Լ. Բաղդասարյան (Սարգսյան), Ք. Համբարձումյան (Իլիկչյան), Է. Վերբիցկայա (Երիբեկյան), Ն. Տիմչենկո:

1961 – 1991թթ. հավաքական թիմի մարզիչներն էին`
  • 1961թ. - Ա. Դունաեվ
  • 1962թ. - Ռ. Կալինկին
  • 1965թ. - Ե. Դրոզդով
  • 1966 - 1972թթ. - Դ. Ֆադեեվ
  • 1973թ. - Վ. Կարապետյան
  • 1988 - 1992թթ. - Թ. Իլիկչյան

որոնք մեծ ներդրում կատարեցին պարաշյուտային սպորտի պահպանման և զարգացման գործում:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նորաստեղծ Հայաստանի պարաշյուտիզմի պահպանումը 1993թ.-ին ստանձնեց Հայոց բանակը: 2002թ.-ին պարաշյուտային սպորտի վետերանների ժողովի հիման վրա ստեղծվեց Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիա, որի առաջին նախագահ ընտրվեց Թ. Իլիկչյանը:
Այսօր Հայաստանում պարաշյուտիզմը զարգանում է տարեց վարպետների և երիտասարդ սերնդի համագործակցության շնորհիվ: